ՀՈՒՅՍ ՄԱՀԻՑ ՀԵՏՈ

2009 թվականի հունիսի 25-ին Մայքլ Ջեքսոնի անժամանակ մահը ցնցեց աշխարհը: Հուլիսի 7-ին Լոս Անջելեսի «Սթեյփլզ Սենթր» մարզահամերգային համալիրում նրա հիշատակին նվիրված արարողության ժամանակ դերասանուհի Բրուք Շիլդսը արիաբար փորձում էր մխիթարել փոփի արքայի սգացող երկրպագուներին, երբ ինքը, արցունքներն աչքերին, հառաչելով ասաց. «Մենք պետք է վեր նայենք. անկասկած, նա այնտեղ է՝ թառած կիսալուսնին»:
Իսկապես, ո՞ւր է գնացել Մայքլ Ջեքսոնը: Ո՞ւր են գնում բոլոր նրանք, ովքեր մահանում են: Արդյո՞ք սուրբերն անմիջապես սավառնում են երկնքում, մինչդեռ կորուսյալ մեղավորները սուզվում են դժոխքը: Գոյություն ունի՞, արդյոք, քավարան կոչվող «պահեստային բաքը»: Արդյո՞ք մենք հայտնվում ենք հոգիների աշխարհում՝ սավառնելով օդում՝ հակառակ կողմում: Իսկ ի՞նչ կասեք վերամարմնավորման մասին: Հնարավո՞ր է, որ մենք վերադառնանք մկան տեսքով:
Մեր երկիրը լի է հակամարտ տեսակետներով, բայց մենք կքննարկենք միայն մեկ աղբյուր՝ Աստվածաշունչը: Աստվածաշնչի վերջին գիրքը՝ Հայտնությունը, պաշտոնապես զգուշացնում է, որ գոյություն ունի սատանա կոչվող մի անտեսանելի անկյալ հրեշտակ՝ «այն բովանդակ աշխարհը մոլորեցնողը» (Հայտնություն 12.9): Եթե դա ճիշտ է, ապա մենք չենք կարող ակնկալել, որ մարդկանց մեծ մասը կարող է ճիշտ լինել ինչ-որ բանի վերաբերյալ, հատկապես, օրինակ, այնպիսի կարևոր հարցի, թե ինչ է կատարվում մեռած մարդու հետ, երբ թաղման արարողության վերջում քարոզիչն ասում է. «Հող էիր՝ հող դարձար»:
Երեք հիմնական տեսակետներ
Եկեք սկսենք՝ իրերն ավելի պարզ դարձնելով: Առաջին հերթին գոյություն ունեն երեք հիմնական տեսակետներ մահվան մասին, որոնց կողքին մյուսները փլուզվում են:
Դուք մահանում եք և դրանով ամեն ինչ ավարտվում է. սա բավականին տարածված տեսակետ է, թեև բավականին ցավալի, և առաջ է քաշվում նրանց կողմից, ովքեր հավատում են, թե ամբողջ իրականությունը վերջիվերջո կարելի է նեղացնել այնքան, որքան որ գիտությունը միայն կարող է բացատրել: Հիմնվելով «Դու ինչ տեսնում ես, այն է, ինչ դու ստանում ես» կանոնի վրա՝ նրանք մահն ընդունում են որպես ավարտ: Մենք մահանում ենք, հողում նեխելով դառնում որդերի կերակուր. սա է ամենը: Դուք հեռանում եք հավետ:
Անմահ հոգի. այս երկրորդ տեսակետը, որն ամենատարածվածն է, սովորեցնում է, որ երբ մենք մահանում ենք, միայն մարմինն է քայքայվում, իսկ Բարձրագույն Եսը կամ «հոգին» ճանապարհորդում է, նման այն բանին, թե ինչպես է օձն իր կաշին փոխում: Իհարկե, տարբեր կրոններ հաճախ չեն համաձայնվում մեկը մյուսի հետ այն հարցում, թե ուր է հոգին գնում մահից հետո: Շատերն են կիսում «հոգու գոյատևման» մասին հիմնական գաղափարը:
Մահկանացու հոգիները և հարությունը. հարության գաղափարի կողմնակիցները վիճում են՝ ասելով, որ «հոգի» բառը վերաբերում է ամբողջական մարդուն, և ոչ թե որոշակի հավերժական կերպի, որ գոյություն ունի նույնիսկ այն բանից հետո, երբ ֆիզիկական մարմինը մեռնում է: Երբ Աստված ստեղծեց Ադամին, Նա «նրա ռունգների մեջ կենդանության շունչ փչեց, և մարդը կենդանի հոգի եղավ (Ծննդոց 2.7): Այսպիսով, ըստ էության, մարդը հոգի չունի, այլ, ավելի շուտ, ինքն է հոգի, այսինքն՝ անձ: Մարդու մեղանչումից հետո նրա ամբողջական անձը, կամ հոգին, դարձան մահկանացու, կամ մահվան ենթակա: Մահանալով՝ մեղավորը վերադառնում է հողին, իսկ «կենդանության շունչը»՝ Աստծո մոտ: Այդ «շունչը» գիտակցություն ունեցող ուրվական չէ, որը կարող է այցելել Չիկագո, երբ իր տերը թաղված է Դեյթրոյթում, այլ, ավելի շուտ, ամեն կենդանության մեջ գոյություն ունեցող կյանքի կայծ է: Այս տեսակետի համաձայն՝ մահացած մարդը կատարելապես մարած վիճակում է, որը նշանակում է, որ նա զուրկ է գիտակցությունից, լուռ է, քնած է գերեզմանում՝ սպասելով հարության օրվան:
Ո՞ր տեսակետն է ճիշտ: Սկսնակների համար ասեմ, որ մենք մերժում ենք աթեիստական նիհիլիզմը (ժխտողականությունը), քանի որ մենք հավատում ենք, որ Աստված գոյություն ունի, և որ Նրա խոսքը ճշմարտություն է: Կա դրախտ, և կա նաև դժոխք: Իսկ մյուս երկու տեսակետնե՞րը, հոգու բնույթին առնչվող դրանց հակադիր գաղափարնե՞րը: Ի՞նչ է Աստծո գիրքն իսկապես սովորեցնում:
Մահվան մասին աստվածաշնչյան փաստերը
Ինչպես արդեն տեսանք, Աստվածաշունչը սովորեցնում է, որ երբ Աստված սկզբում ձևավորեց Ադամին, նա «կենդանի հոգի եղավ» (Ծննդոց 2.7): Տարիներ անց «յոթանասուն հոգի» գնացին Եգիպտոս (տե՛ս Ելից 1.5): Ենթատեքստը ցույց է տալիս, որ այս համարում խոսվում է ոչ թե յոթանասուն ուրվականների, այլ յոթանասուն կենդանի մարդկանց մասին, ովքեր գնացին Եգիպտոս: Հասկանո՞ւմ եք: Հոգի ասվածը անձնավորություն է:
Հաջորդ փաստը. անկյալ մարդկային արարածները անմահ չեն: Ցանկացած աստվածաշնչյան բառարանում կարող եք գտնել, որ «անմահություն» բառը կիրառվում է միայն Աստծո վերաբերյալ: Միայն Աստված «անմահություն ունի» (Ա Տիմաթեոս 6.16), և միայն այն բանից հետո, երբ Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստի ժամանակ Նրա սուրբերը հարություն կառնեն, «այս մահկանացուն անմահությունը» «կհագնի» (Ա Կորնթացիս 15.54): Ակնհայտ է, որ Նրա սուրբերը անմահ գոյություն չէին «հագնի», եթե նախկինում այն ունենային:
Հաջորդը. Աստվածաշնչում մահը անվանվում է «քուն»: Հինկտակարանյան ժամանակաշրջանում Դավիթ թագավորն աղոթում է պահպանության համար, որպեսզի հանկարծ, ասում է նա. «մահի մեջ չննջեմ» (Սաղմոս 13.3): Աշխարհի վերջում «երկրի հողում գնացողների շատերը պիտի զարթնեն» (Դանիել 12.2): Այսպիսով, մահացած մարդիկ խաղաղ քնում են «երկրի հողում» մինչև հարության օրը:
Հիմա անցնենք ամենակարևորին. Աստվածաշունչը շեշտում է, որ այդ ընթացքում «մեռելները մի բան չգիտեն» (Ժողովող 9.5): «Մի բան չգիտեն» բառացի նշանակում է ոչինչ: Զրո: Հինգ համար հետո Սողոմոնը պարզաբանում է. «...գործք, խորհուրդ, գիտություն և իմաստություն չկա մյուս աշխարհում, ուր որ դու պիտի գնաս» (Ժողովող 9.10): Դավիթը նույնն է ասում, երբ գրում է. «Ոչ թե մեռելները կօրհնեն Տիրոջը. Եվ ոչ էլ լռության մեջ իջնողները» (Սաղմոս 115.17): Այսպիսով՝ մեռելները հանգիստ քնած են: Նրանք չեն գոռգոռում վերևում կամ ողբում ներքևում: Եվ ոչ էլ կարող են թակել ձեր դուռը իրենց թաղումից հետո: Այլ կերպ ասած՝ Մայքլ Ջեքսոնը չի պարում իր հանրահայտ լուսնաքայլ պարը ինչ-որ տեղ տիեզերքում, այլ նա մահացած է և սպասում է դատաստանի օրվան (Եբրայեցիս 9.27):
Ամբողջ Աստվածաշնչի հայտնությունն այն է, ինչ կատարվեց Հիսուս Քրիստոսի հետ գրեթե երկու հազար տարի առաջ: Իր սուրբ ծառայության ընթացքում մեր Տերը պարզորոշ կանխատեսեց, որ Ինքը պետք է «սպանվի և երրորդ օրը հարություն առնի» (Մատթեոս 16.21): Այդպես էլ կատարվեց: Կարճ ժամանակ անց անսուրբ ձեռքերը բռնեցին Նրան, ծեծեցին ու խաչեցին: Պողոս առաքյալը պարզաբանում է, թե ինչ կատարվեց իրականում, երբ Քրիստոսը «մեր մեղքերի համար մեռավ» (Ա Կորնթացիս 15.3): «Քրիստոսը մեռավ» նշանակում է՝ Նա իրոք մահացավ: Երեք օր անց սուրբ հրեշտակն ազդարարեց. «Նա...հարություն առավ մեռելներից» (Մատթեոս 28.7):
Ալելուիա:
Հիսուս Քրիստոսի հարությամբ է, որ մենք հույս ունենք: Օրերից մի օր, և այդ օրը կգա ավելի շուտ, քան շատերն են կարծում, մեր Փրկիչը երկիր կվերադառնա «զորությունով և շատ փառքով», բյուրավոր երկնային հրեշտակների ընկերակցությամբ (տե՛ս Մատթեոս 24.30,31), և երբ Նա գա, Պողոսը գրում է, այդ ժամանակ «Քրիստոսով մեռելներն առաջ հարություն կառնեն» և «այնպես ամեն ժամանակ Տիրոջ հետ կլինենք» (Ա Թեսաղոնիկեցիս 4.15,16): Այսպիսով՝ Քրիստոսին հավատացողները հարություն կառնեն, որպեսզի «Տիրոջ հետ լինեն», երբ Նա վերադառնա:
Գլխավոր եզրակացությունը
Գլխավոր եզրակացությունը հետևյալն է. մենք բոլորս գիտենք, որ մահն իրականություն է, և այն ցավ է պատճառում: Սակայն վշտի ու կորստի մեջ բարի լուրն այն է, որ Հիսուս Քրիստոսը սիրում է մեզ: Նա մեր մեղքերի դիմաց տուգանքը վճարել է, մտել խոնավ գերեզման, ապա հարություն առել՝ այդպիսով հաղթելով մահվանը և գերեզմանին: Եթե մենք վստահենք Նրա հաղթանակին, մենք կարող ենք նաև հաղթել մահվանը: Վաղուց է Հիսուսը խոստացել Իր սիրուն արձագանքողներին, նրանց, ովքեր ապաշխարել են իրենց մեղքերից և վստահում են Նրա շնորհին. «Ես հետին օրում կհարուցանեմ նրան» (Հովհաննես 6.44):
Այսօր Նրա խոստումը քե՛զ համար է:
