ՔԱՅԼԵՐ ԴԵՊԻ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ
Առողջ լինել նշանակում է ավելին, քան պարզապես հիվանդ չլինել: Լավ առողջությունը կյանքն է, որը դու ապրում ես քո ողջ ներուժով՝ ֆիզիկական, մտավոր, հասարակական և հոգևոր: Աստվածաշունչն այն լիառատ կյանք է համարում (տե՛ս Հովհաննես 10.10): Դա այն է, ինչ Աստված ուզում է քեզ համար: Գրված է. «Աղոթք եմ անում, որ ամեն բանի մեջ հաջող և առողջ լինես» (Գ Հովհաննես 2):
Որպեսզի օգնի, որ դու լիառատ կյանքով ապրես, Աստված առաջարկել է ավելի լավ առողջություն ունենալու համար անհրաժեշտ մի քանի պարզ քայլեր, որոնց հեշտ է հետևել: Դու չես կարող վերահսկել այն, ինչը հիվանդության կամ պատահարի պատճառ է դառնում, բայց դու կարող ես ընտրություն անել, որը կնվազեցնի ռիսկերը և կնպաստի առողջությանը: Ստորև ներկայացնու ենք ութ պարզ քայլեր, որոնք ուղղված են ավելի լավ առողջություն ապահովելուն: Դրանք դու կարող ես սկսել կիրառել կյանքում այսօրվանից սկսած:
Քայլ 1. Սնունդը
Թե ինչ սնունդ ես դու ընդունում, ազդում է քո զգացողության և կյանքը վայելելու կարողության վրա: Այդ իսկ պատճառով լավ, համեղ սննդի պատրաստումը կարևոր է: Եդեմի պարտեզում տրված նախնական սննդակարգը բաղկացած էր մրգերից, հացահատիկավոր բույսերից, ընկուզեղենից և ընդեղենից:
Առաջին մարդկանց մեղանչումից հետո սննդացանկի մեջ ավելացվեցին նաև կենդանիների համար որպես սնունդ ծառայող բույսեր: Հետաքրքիր է, որ բարձր խոլեստերին պարունակող կենդանական սննդատեսակները բացառվում էին: Շատ մահաբեր հիվանդություններ, ինչպիսին է, օրինակ, զարկերակների կարծրացումը, պարտության կմատնվեին, եթե արևմտյան երկրներն ընդունեին բուսական սննդակարգ կիրառելը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Աստծո կողմից ստեղծված բուսականության վրա հիմնված սննդակարգը գերազանցում է ցանկացած այլ տիպի սննդակարգի: (Տե՛ս Ծննդոց 1.29,30):
Քայլ 2. Վարժանքը
Քո մարմինը ստեղծված է ակտիվ լինելու համար: ֆիզիկապես ամուր լինելը պարզապես նշանակում է կարողանալ անել ամենօրյա գործերը՝ ուժ ու եռանդ թողնելով նաև ընտանիքի և ազատ ժամանցի համար:
Ամենօրյա հասարակ վարժանքները կօգնեն ֆիզիկական ամրություն ձեռք բերելուն: Դա սկսելու լավագույն ձևը քայլելն է: Սկսեք վարժանքներ անել դանդաղ և աստիճանաբար ավելացրեք և՛ ժամանակը, և՛ ինտենսիվությունը: Հնարավոր է, լսել ես, որ ասում են՝ «Ցավ չկա, արդյունք չկա»: Սակայն այդ ասույթը ճիշտ չէ: Ցավը կարող է նշանակել, որ դու չափն անցնում ես: Վարժվիր մինչև սկսես խորը շնչել, բայց ոչ՝ շնչակտուր լինել: Օրական երեսուն րոպեն գերազանց չափ է, բայց քանի որ վարժանքների օգուտներն ընդհանուր բնույթ են կրում, նույնիսկ կարճ ժամանակահատվածներով՝ շաբաթական երեքից հինգ անգամը, օգտակար կլինի:
Ժամանակ չե՞ս գտնում վարժանքի համար: Մեր հասարակությունում հաճախ մարդու ազատ ժամանակը զբաղեցնում են բազմաթիվ պասիվ ժամանցային միջոցներ՝ հեռուստացույցը, տեսախաղերը, համացանցը: Երբ ընտրում ենք անջատել համակարգիչը, հեռուստացույցը կամ տեսախաղը և ժամանակը ծախսել առողջարար վարժանքներ անելով, այն միշտ ավարտվում է առողջարար ձեռքբերումներով: Դու հայտնաբերում ես, որ վարժանքն ունի շատ օգուտներ՝ վերահսկում է քաշը, կառավարում սթրեսը, ամրապնդում իմունային համակարգը և կրճատում հիվանդությունների ռիսկը: Վարժանքը կարող է երկարացնել կյանքը, բայց, ինչն ավելի կարևոր է, այն կյանք է ավելացնում քո տարիներին:
Քայլ 3. Ջուրը
Ջուրը կենսական նշանակություն ունի: Շատ մարդիկ ծարավ են մնում, որպեսզի պարզեն, թե որքան ջուր պետք է խմել, սակայն ծարավը մարմնի ջրազրկման առաջին նշանն է: Մենք բոլորս ամեն օր ջուր ենք կորցնում մեզի, արտաթորանքի, քրտինքի և թոքերի միջոցով գոլորշիացման արդյունքում: Այդ իսկ պատճառով մեծահասակները պետք է օրական վեցից ութ բաժակ ջուր խմեն, նույնիսկ ավելի շատ՝ շոգ եղանակին կամ վարժանքի ժամանակ: Ջուրը կարևոր է երիկամների գործունեության, մարմնի ջերմաստիճանի կարգավորման և մարմնի հեղուկները պահպանելու համար: Այսպիսով՝ ջու՛ր խմեք: Ջուրն օգտակար է քեզ համար և կալորիազուրկ:
Հիշի՛ր՝ սուրճը, գազավորված ջրերը, ալկոհոլը ջրին չեն փոխարինում: Դրանք վնասակար են քո առողջության համար: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կոֆեինն իրականում ավելի շատ սպառում է մարմնի հեղուկները, քան թե ապահովում այն դրանցով:
Քայլ 4. Արևը
Դու երևի չես կարծում, որ արևն ազդում է քո առողջության վրա: Սակայն երբևէ նկատե՞լ ես, թե որքան հեշտությամբ ես ճնշված և հուսալքված զգում ձմեռային ամիսներին, երբ օրերը կարճ են, իսկ եղանակը հաճախ ամպամած ու անձրևոտ է: Արևի լույսի ազդեցությամբ մարմինը վիտամին D է արտադրում: Այս կարևոր սնուցիչը կարգավորում է մարմնի հորմոնների ու բջիջների աճը: Այն օգնում է մարմնի կողմից կալցիումի յուրացմանը և այն օգտագործում է ուժեղ ոսկորներ և ատամներ ունենալու համար, նաև օգնում է զարգացնել առողջ իմունային և նյարդային համակարգ: Այդուհանդերձ, չափից շատ արևը կարող է վնասակար լինել և մաշկի քաղցկեղի առաջացմանպատճառ դառնալ: Խուսափիր երկար ժամանակ անցկացնել արևի տակ՝ անպաշտպան վիճակով, կրիր գլխարկ և օգտագործիր արևապաշտպան քսուքներ:
Քայլ 5. Հավասարակշռությունը կամ չափավորությունը
Հավասարակշիռ կենսակերպն առողջարար կենսակերպ է: Այդպիսի կենսաձևը չի նշանակում «ամեն ինչ չափի մեջ»: Ընդհակառակը, այն նշանակում է առողջությանը նպաստող ամեն բան, նաև սովորությունները խնամքով ներառելը և խուսափելը այն ամեն բաներից և սովորություններից, որոնք քայքայում են լավ առողջությունը: Հավասարակշռությունը վերաբերում է այն կենսակերպին, որը բարձրացնում է կյանքի որակը: Օրինակ, շատակերությունը հանգեցնում է ստամոքսի խանգարման և/կամ գիրության: Քչակերությունը հանգեցնում է թերսնման կամ սովամահության:
Աշխատանքային գերծանրաբեռնվածությունը առաջացնում է հյուծում կամ վնասվածքներ: Սակավաշխատանքային վիճակը հանգեցնում է ծուլության և թուլության: Չափավորությունն առողջ ու երջանիկ կյանքով ապրելու առանցքային գաղափարն է:
Քայլ 6. Օդը
Օդն իսկապես խիստ կարևոր է: Համենայն դեպս, մենք առանց օդ շնչելու կարող ենք ապրել ընդամենը մի քանի րոպե: Սակայն կարևոր է նաև այն օդի որակը, որը մենք շնչում ենք: Օդի աղտոտումը կարող է հանգեցնել հիվանդությունների և մահվան, եթե աղտոտիչները կոնցենտրացվել են օրեր ու շաբաթներ, հատկապես այն վտանգավոր է փոքրիկների և ծերերի համար, նաև նրանց համար, ովքեր տառապում են սրտի կանգային անբավարարությամբ կամ թոքերի խրոնիկ հիվանդություններով: Ամենայն հավանականությամբ, ամենավնասակար օդային աղտոտումն առաջացնում է ծխելը: Ծխելու վնասակար հետևանքները այնպես լավ են ապացուցված, որ այլևս ոչ մի կասկած լինել չի կարող, որ այն մարդասպան է: Լավ առողջություն պահպանելու համար խորը շնչիր մաքուր, թարմ օդ:
Քայլ 7. Հանգիստը
Ուսումնասիրությունները շարունակում են ցույց տալ, որ մեծահասակները գիշերը ութ ժամ լավ քնի կարիք ունեն, որպեսզի կարողանան իսկապես արդյունավետ գործել: Մենք կարող ենք ասել ինքներս մեզ, թե կարող ենք ավելի քչով էլ բավարարվել, սակայն քնի պակասը լուրջ խնդիր է այսօրվա արագ տեմպերով առաջ ընթացող հասարակությունում: Բացի բավարար չափով քնելուց, անհրաժեշտ է կյանքի մեջ ներառել նաև հանգիստը: Մի օրով բնության գիրկ դուրս գալը, զբոսանքը լեռներում կամ ծովափին, կարող են քեզ ուժ տալ և օգնել ավելի լավ հաղթահարել սթրեսը: Գիտենալով, որ մենք հանգստի և լարվածության թուլացման կարիք ունենք, Աստված մեզ շաբաթվա մեջ հանգստի մեկ օր է տվել՝ յոթերորդ օրը կամ շաբաթը (տե՛ս Ելից 20.8–11).
Քայլ 8. Վստահություն առ Աստված
Քո համընդհանուր բարեկեցության համար առողջության հոգևոր հարթությունը նույնիսկ ավելի կարևոր է, քան ֆիզիկական գործոնները: Սթրեսը, անհանգստությունը և մեղքը լափում են քո կենսուժը և պատճառում հիվանդություններ: Վստահությունն Աստծուն՝ քո Արարչին, կյանքիդ հաղորդում է նպատակ, որը կարող է օգնել քեզ հաղթահարել սթրեսի, անհանգստության և մեղքի բացասական ազդեցությունները: Դու կարող ես աճեցնել Աստծո նկատմամբ քո հավատը՝ ամեն օր կարդալով Նրա խոսքը՝ Աստվածաշունչը (տե՛ս Հռոմեացիս 10.17): Աստված ասում է. «Տիրոջ ապավինողները կնորոգվեն ուժով ...կվազեն և չեն վաստակի, կգնան և չեն հոգնի» (Եսայիա 40.31): Աստծուն վստահելը լավ առողջության կարևոր գործոն է:
Եզրակացություն
Առողջությունը բարելավելուն ուղղված այս ութ հեշտ քայլերը կարող են պարզունակ թվալ, բայց դրանք հզոր քայլեր են: Սկսիր կիրառել դրանք կյանքում այսօր և կտեսնես փոփոխությունը: