facebook script

ԽՈՍԵԼՈՎ ԱՍՏԾՈ ՀԵՏ

Աղոթքը սիրտը բացելն է Աստծուն, ինչպես ընկերոջը: Դա անհրաժեշտ է ոչ թե նրա համար, որ Աստծուն տեղեկացնենք, թե ով ենք մենք, այլ որ Նա մեզ ունակ դարձնի ընդունելու Իրեն: Աղոթքը ոչ թե Աստծուն է իջեցնում մեզ մոտ, այլ մեզ է բարձրացնում Նրա մոտ: Երբ Հիսուսը դեռ երկրի վրա էր, Նա Իր աշակերտներին սովորեցրեց, թե ինչպես պետք է աղոթել: Նա ասաց նրանց, որ իրենց ամենօրյա կարիքները ներկայացնեն Աստծուն և իրենց ամբողջ հոգսը Նրա վրա գցեն: Եվ նրանց տված Նրա հավաստիացումը, որ իրենց խնդրանքները կլսվեն, վերաբերում է նաև մեզ:

Աղոթքի մեր կարիքը

Հիսուսն Ինքը, բնակվելով մարդկանց մեջ, հաճախ էր աղոթում: Մեր Փրկիչը Իրենով բացահայտեց մեր կարիքներն ու թուլությունները` դրանով դառնալով խնդրող, դիմորդ՝ ուժի նոր պաշարներ խնդրելով Իր Հորից, որպեսզի կարողանա դիմակայել գալիք փորձություններին: Նա մեր օրինակն է ամեն ինչում: Նա մեր եղբայրն է մեր տկարություններում՝ «ամեն բանում փորձված մեր նմանությամբ», բայց որպես անբիծ մեկը՝ Նրա էությունը խորշում էր չարից: Նրա հոգին պայքարեց ու տառապեց մեղքի աշխարհում: Նրա մարդկային բնությունը Նրա համար աղոթքը դարձնում էր անհրաժեշտություն ու առավելություն: Նա մխիթարություն և ուրախություն էր գտնում Իր Հոր հետ հաղորդակցության մեջ: Եվ եթե մարդկության Փրկիչը՝ Աստծո Որդին, աղոթքի կարիք էր զգում, որքա՜ն առավել պետք է թույլ ու մեղավոր մահկանացուները ջերմեռանդ, մշտական աղոթքի կարիք զգան:

Մեր երկնային Հայրը սպասում է, որ մեզ վրա հեղի Իր օրհնության լիությունը: Մեզ առավելութուն է տրված մեծապես ըմպելու անսահման սիրո աղբյուրից: Որքա՜ն զարմանալի է, որ մենք այդքան քիչ ենք աղոթում: Աստված պատրաստ է և ցանկանում է լսել Իր զավակներից նույնիսկ ամենանվաստի անկեղծ աղոթքը, մինչդեռ մենք հաճախ թերանում ենք Աստծուն հայտնել մեր կարիքները: Ի՞նչ կարող են մտածել երկնային հրեշտակները խեղճ ու անօգնական մարդկային էակների մասին, ովքեր ենթակա են փորձությունների, երբ Աստծո անսահման սիրով լեցուն սիրտը տենչում է նրանց տալ ավելին, քան նրանք կարող են խնդրել կամ մտածել, սակայն նրանք այնքա՜ն քիչ են աղոթում և այնքա՜ն քիչ հավատ ունեն: Հրեշտակներին դուր է գալիս Աստծո առաջ խոնարհվել, նրանք սիրում են Նրա կողքին լինել: Աստծո հետ հաղորդակցությունը նրանց մեծագույն ուրախությունն է, իսկ երկրային զավակները, ովքեր կարիք ունեն օգնության, որը միայն Աստված կարող է տալ, թվում է, թե գերադասում են քայլել առանց Հոգու լույսի, առանց Նրա ներկայության ընկերակցության:

Հաղթահարման բանալին

Չարագործի խավարն է պատում նրանց, ովքեր անտեսում են աղոթքը: Թշնամու գայթակղիչ շշնջյունները դրդում են նրանց մեղքի, և այդ ամենը՝ այն պատճառով, որ նրանք չեն օգտվում Աստծուց իրենց տրված առավելությունից՝ աղոթքից: Ինչո՞ւ են Աստծո որդիներն ու դուստրերն այդքան դժկամ աղոթելու մեջ, երբ այն բանալին է հավատի ձեռքում՝ բացելու Ամենակարողի անսպառ հարստությունների երկնային գանձարանը: Առանց մշտական աղոթքի և ջանադիր զգաստության՝ մենք աճող անտարբերության մեջ ընկնելու և ճիշտ ճանապարհից շեղվելու վտանգի մեջ ենք: Հակառակորդն անդադար փորձում է փակել դեպի ողորմության աթոռը տանող ճանապարհը, որպեսզի մենք չկարողանանք անկեղծ աղոթքներով ու հավատով փորձությանը դիմակայելու շնորհ և ուժ ձեռք բերել:

Աղոթեք ձեր առանձնասենյակում, և երբ անցնեք ձեր ամենօրյա գործերին, թույլ տվեք, որ ձեր սրտերը հաճախ բարձրանան Աստծո մոտ: Այդպես էր Ենովքը քայլում Աստծո հետ: Այս լուռ աղոթքներն անուշաբույր խունկի պես բարձրանում են դեպի շնորհի աթոռը: Սատանան չի կարող հաղթել նրան, ում սիրտն այսպես կապված է Աստծո հետ:

Աղոթքի պայմանները

Կան որոշակի պայմաններ, որոնց դեպքում կարող ենք ակնկալել, որ Աստված կլսի և կպատասխանի մեր աղոթքներին: Առաջիններից մեկն այն է, որ զգանք Նրա օգնության կարիքը: Նա խոստացել է. «Ջուր պիտի թափեմ ծարավի վրա, և հեղեղներ՝ չորության վրա» (Եսայիա 44.3): Նրանք, ովքեր ծարավ են արդարության, ովքեր տենչում են Աստծուն, կարող են վստահ լինել, որ կհագենան: Սիրտը պետք է բաց լինի Հոգու ազդեցության համար, այլապես Աստծո օրհնությունները չեն կարող ընդունվել:

Մեր մեծ կարիքն ինքնին արդեն փաստարկ է և պերճախոսությամբ աղաչում է մեր փոխարեն: Բայց պետք է փնտրել Տիրոջը, որպեսզի այս ամենն անի մեզ համար: Նա ասում էԽնդրեցեք՝ և կտրվի ձեզ»: Եվ Նա, «ով իր որդուն էլ չխնայեց, այլ մեր ամենքի համար մատնեց նրան, ինչպե՞ս նրա հետ  ամեն բան չի շնորհի մեզ» (Մատթեոս 7.7, Հռոմեացիս 8.2):

Եթե մենք անօրենություն ենք տեսնում մեր սրտերում, եթե կառչած ենք մեզ հայտնի ինչ-որ մեղքի, Աստված չի լսի մեզ, բայց զղջացող, փշրված հոգու աղոթքը միշտ ընդունվում է: Երբ գիտակցված բոլոր սխալներն ուղղվում են, կարող ենք հավատացած լինել, որ Աստված կպատասխանի մեր խնդրանքներին: Մեր սեփական արժանիքները մեզ համար երբեք չեն կարող շահել Աստծո բարեհաճությունը: Հիսուսի արժանիքներով է, որ մենք փրկվում ենք, Նրա արյունն է մեզ մաքրում, սական ընդունվելու պայմաններին համաձայնելը մե՛ր գործն է:

Հաղթահարող աղոթքի հաջորդ տարրը հավատն է: «Աստծուն մոտեցողը պիտի հավատա, որ նա կտա, և որ իրեն խնդրողներին վարձահատույց է լինում» (Եբրայեցիս 11.6): Հիսուսն ասաց Իր աշակերտներին. «Ինչ որ աղոթք անելով խնդրեք՝ հավատացեք, որ կառնեք, և կլինի ձեզ» (Մարկոս 11.24): Արդյոք բռնո՞ւմ ենք Նրան Իր խոսքի վրա:

Աստծո համար ոչինչ չափազանց ծանր չէ

Ձեր կարիքները, ուրախությունները, տխրությունները, հոգսերն ու երկյուղները մշտապես պահեք Աստծո առջև: Դուք չեք կարող ծանրաբեռնել, չեք կարող հոգնեցնել Նրան: Նա, ով հաշվում է ձեր գլխի մազերը, անտարբեր չէ Իր զավակների կարիքների նկատմամբ: «Տերը բազմագութ է և ողորմած» (Հակոբոս 5.11): Նրա սիրող սիրտը ցավում է մեր վշտերից և նույնիսկ մեր հառաչանքներից: Նրա մոտ բերեք այն ամենը, ինչ մտահոգում է ձեզ: Նրա համար ոչինչ ծանր չէ. չէ՞ որ Նա է պահում ամբողջ աշխարհներ, կառավարում տիեզերքի բոլոր գործերը: Ամենաչնչին մանրուքն անգամ, որը խախտում է մեր անդորրը, չի վրիպում Նրա հայացքից: Մեր կյանքի էջերից ոչ մեկն այնքան մութ չէ, որ Նա չկարողանա կարդալ, չկա այնպիսի խճճված իրավիճակ, որից Նա չկարողանա ելք գտնել: Նա գիտի, թե ինչ դժբախտություն է պատահել Իր զավակներից փոքրագույնին անգամ, գիտի, թե ինչն է տանջում նրա հոգին: Չկա մի ուրախություն, շուրթերից պոկված անկեղծ մի աղոթք, որ մեր երկնային Հայրը չնկատի կամ սրտին մոտ չընդունի: «Նա բժշկում է սրտով կոտրվածներին և փաթաթում նրանց վերքերը» (Սաղմոս 147.3): Հարաբերություններն Աստծո և ամեն մի հոգու միջև այնքան որոշակի են ու լիարժեք, ասես աշխարհում ուրիշ մեկը չկա, որ կիսի Նրա հոգատարությունը, կամ ում համար Նա տված լինի Իր սիրելի Որդուն: