facebook script

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԽՈՍՏՈՒՄԸ

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԽՈՍՏՈՒՄԸ

Դու խաղաղության կարիք ունես՝ երկնքի ներման, խաղաղության և սիրո կարիքը հոգում: Այն փողով չես գնի, խելքով ձեռք չես բերի, իմաստությամբ նրան չես հասնի. դու երբեք հույս չես կարող ունենալ, որ քո ջանքերով կարող ես ապահովել այն: Բայց Աստված առաջարկում է քեզ խաղաղությունը որպես նվեր՝ «առանց փողի, առանց վճարի» (Եսայիա 55.1): Այն քոնը կլինի, եթե պարզապես ձեռքդ մեկնես ու վերցնես: Աստված ասում է. «Եթե ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պես լինեն, ձյունի պես պիտի սպիտականան. եթե նրանք որդան կարմիրի պես լինեն, ասրի պես սպիտակ պիտի դառնան» (Եսայիա 1.18): «Եվ ես ձեզ նոր սիրտ պիտի տամ, և նոր հոգի պիտի դնեմ ձեր միջում» (Եզեկիել 36.26):

Դու խոստովանել ես մեղքերդ և դրանք մի կողմ դրել սրտումդ: Հաստատ որոշել ես քեզ Աստծուն նվիրել: Հիմա գնա Նրա մոտ և խնդրիր, որ նա մաքրի-հեռացնի մեղքերդ և քեզ նոր սիրտ տա: Եվ հավատա, որ Նա անում է դա, որովհետև Նա խոստացել է: Սա է այն դասը, որ Հիսուսը սովորեցնում էր, երբ երկրի վրա էր. մենք պետք է հավատանք, որ անպայման կստանանք Աստծո խոստացած նվերը, այն մերն է: Հիսուսը բուժում էր մարդկանց իրենց հիվանդություններից, երբ նրանք հավատում էին Նրա կարողությանը: Նա բուժում էր նրանց այն բաներից, որոնք նրանց տեսանելի էին՝ այդպիսով համակելով նրանց Իր նկատմամբ վստահությամբ՝ կապված  այն ամենի հետ, ինչ չէին կարող տեսնել:  Դրանով նա նրանց մղում էր վստահել Իր՝ մեղքերը ներելու իշխանությանը: Նա այս պարզորոշ ասաց անդամալույծ մարդուն բուժելիս. «Բայց որ իմանաք, թե մարդի Որդին իշխանություն ունի երկրի վրա մեղքեր թողելու,-ապա շրջվեց դեպի անդամալույծը և ասաց. -Վե՛ր կաց, քո մահիճը վե՛ր առ և գնա՛ քո տունը» (Մատթեոս 9.6): Խոսելով Քրիստոսի հրաշքների մասին՝ Հովհաննես ավետարանիչը նույնպես ասում է. «Բայց սրանք գրվեցին՝ որ հավատաք, թե Հիսուսն է Քրիստոսը՝ Աստծո Որդին. և որ հավատալով կյանք ունենաք նրա անունով» (Հովհաննես 20.31):

Կատարելով խոստումը

Աստվածաշնչյան հասարակ պատմության միջոցով այն մասին, թե ինչպես էր Հիսուսը բուժում հիվանդներին, մենք կարող ենք սովորել, թե ինչպես հավատալ Նրան մեղքերի թողության հարցով: Եկեք վերադառնանք Բեթհեզդայի անդամալույծի պատմությանը: Խեղճ տառապյալը անօգնական էր, նա երեսունութ տարի շարունակ չէր շարժել իր վերջույթները: Սակայն Հիսուսը հրամայեց նրան. «Վե՛ր կաց քո մահիճը վե՛ր առ և գն՛ա քո տունը»: Հիվանդ մարդը կարող էր ասել. «Տե՛ր, եթե դու ինձ բուժես, ես կհնազանդվեմ քո խոսքին»: Բայց ոչ. նա հավատաց Քրիստոսի խոսքին, հավատաց, որ ինքն արդեն բժշկվել է, և անմիջապես ջանք արեց. նա ցանկանում էր քայլել և իսկապես քայլեց: Նա գործեց Քրիստոսի խոսքի համաձայն, և Աստված տվեց այդ ուժը: Նա բժշկվեց:

Դու նույնպես մեղավոր ես: Դու չես կարող քավել քո անցյալ մեղքերը, փոխել սիրտդ և սրբել ինքդ քեզ: Բայց Աստված խոստանում է այդ ամենն անել քեզ համար Քրիստոսի միջոցով: Հավատա՛ այդ խոստմանը: Խոստովանիր մեղքերդ և հանձնվիր Աստծուն: Դու պետք է ծառայես Նրան: Երբ դու իսկապես անես դա, Աստված կկատարի քեզ տված խոստումը: Եթե դու հավատում ես խոստմանը, հավատում, որ ներված ես ու մաքրված, Աստված այն իրականություն է դարձնում. դու բժշկվում ես, այնպես, ինչպես Քրիստոսը անդամալույծին ուժ տվեց քայլելու, երբ մարդը հավատաց, որ ինքը բժշկված է: Դա իրականանում է, եթե հավատում ես դրան:

Մի՛ սպասիր, որ զգաս, որ դու արդարացված ես, այլ ասա. «Ես հավատում եմ դրան, դա այդպես է. ոչ թե որ ես զգում եմ դա, այլ որովհետև Աստված է խոստացել»: Հիսուսն ասում է. «Սրա համար ասում եմ ձեզ, թե ամեն ինչ որ աղոթք անելով խնդրեք, հավատացեք, թե կառնեք, և կլինի ձեզ» (Մարկոս 11.24): Այս խոստումը պայմանով է. մենք պետք է աղոթենք Աստծո կամքին համապատասխան: Իսկ Աստծո կամքը մեզ մեղքից մաքրելը, մեզ Իր զավակները դարձնելն ու սուրբ կյանքով ապրելու հնարավորություն տալն է: Այսպիսով, մենք կարող ենք խնդրել այս օրհնությունները և հավատալ, որ ստանում ենք, և շնորհակալություն հայտնել Աստծուն, որ մենք արդեն ստացել ենք դրանք: Մենք առավելություն ունենք գնալու Հիսուսի մոտ և սրբվելով կանգնել օրենքի առաջ՝ առանց ամոթի ու խղճի խայթի: «Ուրեմն հիմա դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսում լինողների համար, որ մարմնավորապես չեն վարվում, այլ հոգևորապես» (Հռոմեացիս 8.1):

Այսուհետև դու քոնը չես, դու մեծ գնով ես գնվել: «Գիտենալով, որ ոչ թե ապականացու արծաթով կամ ոսկով փրկվեցիք... Այլ Քրիստոսի պատվական արյունով, ինչպես մի անբիծ և անարատ գառի» (Ա Պետրոս 1.18, 19): Հավատի այս պարզ գործողությամբ Սուրբ Հոգին քո սիրտը նոր կյանքով է լցնում: Դու Աստծո ընտանիքում ծնված մանուկ ես, և Նա սիրում է քեզ այնպես, ինչպես Իր Որդուն է սիրում:

Արի, ինչպես որ կաս

Հիմա, երբ դու հանձնվել ես Աստծուն, մի՛ նահանջիր, մի՛ հեռացիր Նրանից, այլ ամեն օր ասա՝ «Ես Քրիստոսինն եմ: Ես հանձնվել եմ Նրան», և խնդրիր Նրանից Սուրբ Հոգին տալ քեզ և Իր ողորմությամբ պահպանել քեզ: Քանի որ Աստծուն հանձնվելով և Նրան հավատալով է, որ դու դառնում ես Նրա զավակը, ուրեմն դու պետք է ապրես Նրանում

Առաքյալն ասում է. «Ուրեմն ինչպես Քրիստոս Հիսուս Տերն ընդունեցիք՝ նրանում գնացեք» (Կողոսացիս 2.6):

Թվում է, ոմանք կարծում են, թե իրենք պետք է փորձաշրջան անցնեն և ապացուցեն Աստծուն, որ վերափոխվել են՝ նախքան կարող են Նրա օրհնությունները պահանջել: Սակայն նրանք կարող են հավակնել Նրա օրհնություններին նույնիսկ այսօր: Իրենց թուլությունները հաղթահարելու համար նրանց Նրա շնորհը՝ Քրիստոսի Հոգին է անհրաժեշտ, այլապես չեն կարող դիմակայել չարին: Հիսուսին դուր է գալիս, երբ մենք գնում ենք Նրա մոտ այնպիսին, ինչպիսին կանք՝ մեղավոր, անօգնական, կախյալ: Մենք կարող ենք գալ մեր բոլոր թուլություններով, մեր հիմարություններով, մեր մեղավորությամբ և ապաշխարությամբ ընկնել Նրա ոտքերի առաջ: Հիսուսի շնորհն է, որ պարուրում է մեզ Նրա սիրո թևերի մեջ և փաթաթում մեր վերքերը, մաքրում մեզ ամեն պղծությունից:

Այս հարցում հազարավոր մարդիկ ձախողում են: Տեսե՛ք. նրանք չեն հավատում, որ Հիսուսը ներում է իրենց անհատապես, անձնապես: Նրանք չեն հավատում Աստծո խոսքին: Նրանց համար, ովքեր կատարում են պայմանները, առավելություն է իմանալ, որ ներումը տարածվում է բոլոր մեղքերի վրա, անվճար: Դե՛ն գցիր այն կասկածը, թե Աստծո խոստումները քեզ համար չեն: Դրանք ամեն մի ապաշխարող մեղավորի համար են: Քրիստոսի միջոցով տրված ուժն ու շնորհը սպասարկու հրեշտակները հասցնում են բոլոր հավատացող հոգիներին: Ոչ ոք այնքան մեղավոր չէ, որ չկարողանա գտնել ուժ, սրբություն և արդարություն Հիսուսում, Ով մահացավ նրանց համար: Նա սպասում է, թե երբ կհանի նրանց վրայից կեղտոտ և մեղքից աղտոտված հագուստը և արդարության սպիտակ հագուստ կհագցնի: Նա հրավիրում է նրանց ապրելու, այլ ոչ թե մեռնելու:

Վե՛ր նայիր, դո՛ւ, որ կասկածում և երերում ես. Հիսուսն ապրում է բարեխոսելու մեզ համար: Շնորհակալություն հայտնիր Աստծուն Իր թանկագին Որդու նվերի համար և աղոթիր, որ Նրա մահը քո համար իզուր եղած չլինի: Հոգին հրավիրում է քեզ այսօր: Արի Հիսուսի մոտ քո ամբողջ սրտով, և դու կարող ես ակնկալել Նրա օրհնությունները: Երբ կարդում ես խոստումները, հիշի՛ր՝ դրանք անասելի սիրո ու գթասրտության արտահայտություններ են: Անսահման Սերը բացում է Իր մեծ սիրտը մեղավորի  առաջ անսահման կարեկցանքով: «Որով ունենք փրկությունը նրա արյունով՝ մեղքերի թողությունը իր շնորհքի մեծության չափով» (Եփեսացիս 1.7): Այո, հավատա միայն, որ Աստված քո օգնականն է: Նա ցանկանում է վերականգնել Իր բարոյական կերպարը մարդու մեջ: Երբ դու գաս Նրա առաջ զղջումով և ապաշխարությամբ, Նա կմոտենա քեզ ողորմությամբ ու ներմամբ: