ՈՐՏԵ՞Ղ Է ԱՍՏՎԱԾ, ԵՐԲ ԵՍ ՑԱՎԻ ՄԵՋ ԵՄ
Օրն սկսվում է: Հինգ հոգուց բաղկացած ընտանիքը մեքենայով ճանապարհ է ընկնում: Վթարն անսպասելի է: Մետաղը, պլաստիկ զանգվածը և մարմինը այսուայնկողմ են՝ կտորների բաժանված: Կա երեք զոհ, երկուսն էլ սարսափելիորեն վնասված են: Իսկ նրանց հարվածած արագընթաց բեռնատարի հարբած վարորդը թեթև վնսավածքներ է ստացել: Ինչո՞ւ:
Դաժան միապետն իր ձեռքում է պահում մի ամբողջ ազգի վերահսկողությունը, և միլիոնավոր մարդիկ տառապում են նրա ոտնահարումներից: Ինչո՞ւ:
Բժիշկն ասում է. «Ես վատ լուր ունեմ», և ապա տխրությամբ բացատրում է, որ դու քաղցկեղ ունես: Ինչո՞ւ:
Նույնանման պատմություններ ամեն օր ենք լսում: Երբեմն դրանք ստանում ենք երկրորդ ձեռքից կամ երեկոյան լուրերով, մի ուրիշ անգամ այդ պատմությունը մեզ է վերաբերում: Երբ ուշքի ենք գալիս ցնցումից, մենք չենք կարողանում զսպել մեզ, որ չտանք ամենաբնական հարցն այս աշխարհում. եթե Աստված ամենակարող ու բազմողորմ է, ինչո՞ւ ենք մենք տառապում: Դժվար է պատկերացնել սրանից ավելի մեծ ու կարևոր հարց: Եվ մենք բոլորս ստիպված ենք վաղ թե ուշ բարձրաձայնել այն:
Ոչ բոլոր պատասխաններն են հասկանալի: Մի փոքր խորհենք այդ մասին. կա՛մ Աստված ցանկանում է կանխել վատ պատահարները և չի կարողանում, որի դեպքում Նա չի կարող ամենակարող համարվել, կա՛մ Նա կարող է կանխել, որ վատ բաներ չկատարվեն, բայց չի ցանկանում. իսկ այս դեպքում Նա արդեն բարի համարվել չի կարող: Կամ էլ կա երրորդ տարբերակ. Աստված կարող է և ցանկանում է, բայց Աստված սեր է, որի պարագայում կա մի սահման, որ անգամ Ամենակարողը չի կարող հատել, և այդ սահմանը մեր ազատ կամքն է:
Աստվածաշունչն ուսուցանում է այդ երրորդ դիրքորոշումը, և ավելի լավ ու սփոփիչ պատասխան հնարավոր չէ պատկերացնել: Մարդկային պատմությունը, ինչպես այն Աստվածաշունչն է պատմում, հակիրճ ներկայացնելու դեպքում, հետևյալն է.
1. «Աստված սեր է» (Ա Հովհաննես 4.16): Սա Աստծո մասին հիմնական և հիմնարար ճշմարտություն է:
2. «Աստված ստեղծեց մարդը իր պատկերով» (Ծննդոց 1.27): Այսինքն՝ Աստված մարդուն ստեղծեց Իր նման սիրելու կարողությամբ՝ ազատ կամքի դրսևորմամբ:
3. Ազատ կամքով և այդպիսով նաև սիրելու կարողությամբ ստեղծված լինելով՝ մարդիկ «մեղանչեցին, և Աստծո փառքից պակասված են», դրանով իսկ նաև իրենց նախնական արարման փառահեղ բարոյական վիճակից ընկած (Հռոմեացիս 3.23):
4. Բայց կա բարի լուր. Աստված փրկության մի անհավատալի ծրագիր է մշակել, որով յուրաքանչյուրը և ընդհանրապես բոլոր նրանք, ովքեր ցանկանում են, կփրկվեն «շնորհքով ... հավատքի ձեռով» (Եփեսացիս 2.8), ոչ թե պարտադրված՝ ուժի կիրառմամբ, այլև Աստծո սիրո ուժից դրդված և վերափոխվելով: Սերը միակ միջոցն է, որով Աստված կարող է վերացնել չարն ու տառապանքը՝ միևնույն ժամանակ պահպանելով մեր ազատ կամքը և դրանով իսկ՝ մեր սիրելու ունակությունը:
Արդա՞ր է արդյոք
Այսպիսով, թե ինչու ենք մենք տառապում, կարճ պատասխանն է՝ մենք և մյուս բոլորը, անցյալում և ներկայում, ընտրել ենք չարը, իսկ տառապանքը հետևանքն է: Դա արդար չէ: Դա նույնիսկ ընդունելի չէ: Ըստ բնորոշման, մեղքը անարդար, անազնիվ, վնասակար, սխալ երևույթ է: Այն ակնհայտորեն դաժան է: Բայց մի բան պարզ է. այն Աստծո կամքը չէ: Աստված չի ցանկանում, որ մենք տառապենք, Նա նաև չի ցանկանում մեզ ռոբոտներ կամ ստրուկներ դարձնել: Մարդ լինել նշանակում է լինել ազատ, լինել ազատ նշանակում է՝ մենք կա՛մ բարին ենք ընտրում, կա՛մ չարը՝ իրենց համապատասխան հետևանքներով հանդերձ:
Պարզ ճշմարտությունը ցույց է տալիս, որ սերն առանց ազատ կամքի գոյություն ունենալ չի կարող, իսկ ազատ կամքն իր իսկ բնույթով թույլ է տալիս կատարել նաև վատ ընտրություն: Երբ մենք ասում ենք, որ եթե Աստված բարի լիներ, ոչ ոքի թույլ չէր տա երբևէ անել մի բան, որը ցավ պատճառեր իրեն կամ մեկ ուրիշին, մենք պարզապես ճիշտ չենք տրամաբանում: Իրականում հակառակն է ճիշտ. հենց այն պատճառով, որ Աստված բարի է, Նա պետք է թույլ տա մեզ ընտրություն անել՝ լավ կամ վատ, և կրել դրա հետևանքները: Աստված մի՛շտ և միա՛յն ցանկանում է, որ մենք ընտրենք բարին, բայց Նա չի ստիպի մեզ դա անել: Աստված երբեք չարը չի կամենում, և ոչ դրան ուղեկցող ցավը: Իսկ մենք ցանկանում ենք: Տառապանքը մարդկային, այլ ոչ թե աստվածային ընտրության հետևանքն է: Սա է ազատության իրական գնահատականը:
Սակայն Աստված այնքան բարի է, որ չի կարող մեկուսացված ու անտարբեր մնալ մեր տառապանքների հանդեպ: Ըստ Աստվածաշնչի՝ Նա «մեր տկարություններին կարեկից» է (Եբրայացիս 4.15): Խոսելով մարդկային ցավին Աստծո վերաբերմունքի մասին՝ Եսայիա մարգարեն ասում է. «Նրանց բոլոր նեղությունների մեջ նա նեղվում էր» (Եսայիա 63.9): Հիսուսը փաստացի ասում է. Աստված այնպես խորն է սիրում մարդկային ցեղի ամեն մի անդամի, որ այն, ինչ մենք անում ենք միմյանց համար կամ ընդդեմ միմյանց, նույնն է, թե անում ենք Նրա հանդեպ (Մատթեոս 25.41-45): Բոլոր տառապանքները Աստծուն նեղություն են պատճառում: Նա տեղյակ է մեր բոլոր արցունքներից, վշտից, դժբախտությունից կամ տառապանքից՝ դրանք լինելուց առաջ: Դավիթ թագավորը երգում էր Աստծո խորը կարեկցանքի մասին. «Իմ թափառելը դու համարում ես. իմ արտասուքները դիր քո տկի մեջ. ահա նրանք քո գրքումն են» (Սաղմոս 56.8): Սերն այդպիսին է: Այն տառապում է տառապանքի մեջ գտնվողների հետ:
Աստծո համար ոչինչ չափազանց ծանր չէ տանելու համար
Սակայն պատմությունն ավելի հետաքրքիր է դառնում: Աստված հեռավորության վրա ոչ միայն զգում է մեր ցավն Իր սրտում, այլև բառացիորեն խորասուզվում է մեր ցավի մեջ, որպեսզի դրանից հնարավորինս խուսափելու ճանապարհ գտնի: Հիսուս Քրիստոսը եկավ, որ «ամենի համար մահը ճաշակի» (Եբրայեցիս 2.9): «Նա մեր ցավերը վեր առավ, և մեր վշտերը բեռնեց իր վրա... Նա մեր մեղքերի համար վիրավորվեց, և մեր անօրենությունների համար հարվածվեց...և նրա վերքերով մենք բժշկվեցինք։ Մենք ամենքս ոչխարների պես մոլորվեցինք, յուրաքանչյուրն իր ճանապարհին դառավ. Եվ Տերը նրա վրա դրեց մեր ամենի մեղքը» (Եսայիա 53.4-6): Աստծո սիրո ամենամեծ վկայությունն այն է, որ Նա կիսում է մեր ցավը: Նա մեզ մենակ չի թողել տառապանքի մեջ: Այն, որ Աստված եկել է մեր երկիր և կամավոր կերպով կրել մեր տառապանքները, դարձնում է աստվածաշնչյան Աստծուն իրապես անգնահատելի:
Ինչ էլ սպասվի քո ճանապարհին, վստահի՛ր այս երկու անփոփոխելի ճշմարտություններին. առաջինը՝ Աստված սեր է, և Նա սիրում է քեզ անձնապես: Երկրորդ՝ Աստված կարող է ուղղել ամեն սխալները և բժշկել այս աշխարհի պատճառած վերքերը: Երբ Հիսուսը տառապեց ու մահացավ խաչի վրա, Նա ապացուցեց, որ Աստված սիրում է անկյալ, տառապյալ մարդկությանը ավելի, քան Իր կյանքը: Նրա մահը վստահեցնում է, որ բոլոր նրանց, ովքեր հավատում են Նրան, փառահեղ, բոլոր տառապանքներից կատարելապես ազատ ապագա է սպասվում: Խաչի վրա Քրիստոսի մահվամբ հաստատված Աստվածաշնչի խոստումը քե՛զ համար է.
«Եվ կջնջի Աստված բոլոր արտասուքը նրանց աչքերից. և մահն այլևս չի լինի, ոչ սուգ, և ոչ աղաղակ. Եվ ոչ ցավ այլևս չի լինի, որովհետև առաջիններն անցան» (Հայտնություն 21.4):