ԽԵԼԱՄԻՏ ՀԱՎԱՏ
Ջոելը և Մարկը տարբեր համոզմունքների տեր երկու ընկերներ էին: Ջոելը հավատում էր Աստծուն՝ որպես հզոր թագավորի, ով ստեղծել է աշխարհում ամեն ինչ, իսկ Մարկը նվիրյալ աթեիստ էր, ով ծաղրում էր կրոնը: Նա հավատում էր, որ ամբողջ աշխարհը, այդ թվում և մարդիկ, առաջացել են պատահաբար, կենսաբանական աղետի արդյունքում: «Ի՞նչ գիտես, թե Աստված գոյություն ունի, իսկ Աստվածաշունչը հեքիաթների գիրք չէ»,-մարտահրավեր էր նետում Մարկը: «Աստված գոյություն ունի, որովհետև Աստվածաշունչն է այդպես ասում, իսկ դու կարող ես վստահել Աստվածաշնչին, որովհետև այն Աստծո խոսքն է»,-պատասխանում էր Ջոելը: Այդ ժամանակ Մարկը ծիծաղում էր այս տրամաբանության վրա՝ ասելով. «Դա նույնն է, թե ասես՝ «Ես լավ աշխատող եմ, որովհետև Ֆրենկն է այդպես ասում: Ինչպե՞ս կարող ենք վստահել Ֆրենկին: Հեշտությամբ. ասելով՝ ես երաշխավորում եմ»:
Ջոելի ներկայացրած սխալ, կրկնվող մեկնաբանությունը չի համոզի որևէ մեկին Աստծո գոյության կամ Աստվածաշնչի արժանահավատության մասին: Սակայն այսօր շատերն ունեն Աստվածաշնչին չհավատալու ոչ պակաս լավ փաստարկներ: Կա՞ արդյոք վստահելի ապացույց հօգուտ Աստվածաշնչի վավերականության: Արդյո՞ք խելքը և տրամաբանությունը լքում և հեռանում են պատուհանից, երբ մարդը քրիստոնյա է դառնում:
Աստվածաշնչի վավերականությունը ստուգելու միջոցներից մեկը նրանում տեղ գտած մարգարեությունների ուսումնասիրությունն է: Աստված հայտարարում է, որ Ինքը Աստվածաշնչի միջոցով կանխասում է ապագան (Եսայիա 46.9,10): Դանիելի գրքում հնագույն Բաբելոնի պատմությունն ուսումնասիրելը կօգնի պատասխանել Աստվածաշնչի վավերականությանը վերաբերող հարցին:
Երազը
Մի գիշեր Նաբուգոդոնոսորը՝ ոչ միայն Աստվածաշնչում, այլ նաև այլ հին արձանագրություններում հիշատակվող կառավարիչը,1 մի անհանգստացնող երազ տեսավ: Երբ արթնացավ, չկարողացավ հիշել երազը: Սակայն երազի մասին միտքը հետապնդում էր նրան: Նա հրավիրեց իր իմաստուններին և հրամայեց, որ նրանք պատմեն իրեն երազը և մեկնեն այն: Այս պահանջը իմաստուններին շփոթության մատնեց: «Երկրի վրա մարդ չկա, որ կարողանա թագավորի բանը իմացնել»,-ասացին նրանք (Դանիել 2.10): Խիստ բարկանալով՝ թագավորն իր զինվորներին հրամայեց կոտորել Բաբելոնի բոլոր իմաստուններին (Դանիել 2.12):
Դանիելը՝ բարեպաշտ հրեան, ում բաբելոնացիները գերի էին տարել պատանի հասակում, լսեց թագավորի հապճեպ հրամանի մասին, երբ նրա զինվորները եկան իրեն ևս սպանելու մյուս իմաստունների հետ: Նա ներկայացավ թագավորին և ժամանակ խնդրեց՝ ասելով, որ թագավորին և՛ երազը կպատմի, և՛ դրա մեկնությունը կտա: Թագավորը համաձայնեց: Գնալով տուն՝ Դանիելը ջերմեռանդորեն իմաստություն խնդրեց Աստծուց: Աստված պատասխանեց նրա աղոթքին, և «գիշերվա տեսիլքում հայտնվեց Դանիելին այն գաղտնիքը» (Դանիել 2.19):
Հսկայական արձանը
Հաջորդ առավոտյան Դանիելը ներկայացավ Նաբուգոդոնոսորի գահասենյակ և նրան բացահայտեց երազը: Թագավորը, բացատրեց Դանիելը, տեսել է մի հսկա արձան՝ բաղկացած հինգ տարբեր հատվածներից՝ ոսկի գլուխ, արծաթե կրծքավանդակ և բազուկներ, պղնձե մեջք ու ազդրեր, երկաթե սրունքներ և կավախառն երկաթե ոտներ: Մեկ էլ մի մեծ քար հարվածում է այդ պատկերին՝ փշրելով-վերածելով այն կտորների (Դանիել 2.31-35):
Ի՞նչ էր նշանակում երազը: Դանիելը շարունակեց. ոսկի գլուխը ներկայացնում էր Բաբելոնը, արծաթը՝ Մարա-Պարսկաստանը, պղինձը վերաբերում էր Հունաստանին, երկաթե սրունքները՝ Հռոմին: Ոտքերն ու ոտնաթաթի մատները, որ երկաթից էին՝ կավի հետ խառնված, ներկայացնում էին այն ազգերը, որոնք հաջորդելու էին Հռոմին Եվրոպայում: Այս ազգերի մի մասը թույլ էր լինելու, մի մասն՝ ուժեղ: Այնպես, ինչպես երկաթը չի կարող խառնվել կավին, այս ազգերը չէին միավորվելու միմյանց հետ: Մեծ քարը, որ փշրեց արձանը, ներկայացնում է Աստծո թագավորությունը: «...Երկնքի Աստվածը մեկ թագավորություն է վեր կացնելու, որ հավիտյանս չի ավերվի... նա պիտի փշրի և վերջացնի այս բոլոր թագավորությունները. իսկ նա ինքը կմնա հավիտյանս» (Դանիել 2.38-44):
Երազի իրականացումը
Այս բոլոր կանկագուշակումներն իրականացան կատարյալ ճշգրտությամբ: Մետաղական պատկերի առաջին հատվածը՝ Բաբելոնյան թագավորությունը, իշխեց ՔԱ 605-539 թթ.: Դրան հաջորդեց մարերի և պարսիկների ազգը, որն իշխեց ՔԱ 539-331 թթ.: Հաջորդ կայսրությունը Հունաստանն էր, որը կառավարեց ՔԱ 331-168 թթ.: Հռոմի երկաթե կայսրությունն իշխեց ՔԱ 168-ից ՔՀ 476 թվականը: Պատկերի վերջին հատվածը՝ կավաերկաթե խառնուրդը, ներկայացնում է այն ազգերին, որոնցից հետագայում կազմավորվեցին եվրոպական ժամանակակից պետությունները, որոնք մինչև հիմա գոյություն ունեն միմյանցից առանձին: Զարմանալի է, սակայն Աստվածաշունչը ճշգրտորեն կանխագուշակել է համաշխարհային մեծագույն կայսրությունները և նրանց ձևավորման և անկման ժամանակները:
Ավելի ակնառու փաստեր
Թերահավատները գտնում են, որ Դանիելի գրվածքներն ամենևին էլ կանխագուշակումներ չեն՝ հայտարարելով, որ գիրքը գրվել է համեմատաբար ավելի ուշ: Սակայն, որքան էլ որ այս կարծիքը ճիշտ լինի, ուշադրությո՛ւն դարձրեք հետևյալին. Մեռյալ ծովի մագաղաթները պարունակում են Դանիելից ութ ձեռագրեր, որոնցից ամենահինը թվագրվում է ՔԱ 125 թ. (այն իրենից ներկայացնում է ավելի վաղ տարբերակի կրկնօրինակը): Երկրորդ. պարզ է, որ Դանիելն այս մարգարեությունը գրի է առել Հռոմի քայքայումից և ժամանակակից եվրոպական պետությունների վերածումից հարյուրավոր տարիներ առաջ:
Դանիելի գրքի երկրորդ գլխում գրի առնված Նաբուգոդոնոսորի երազը ներկայացնում է միայն մեկ օրինակն այն հարյուրներից, որոնք ցույց են տալիս այս հնագույն գրվածքների ստույգությունը: Օրինակ՝ Դանիելի գրքի իններորդ գլխում տեղ գտած մարգարեությունը ներկայացնում է Հիսուսի մկրտության և մահվան տարեթվերը հարյուրավոր տարիներ դրանցից առաջ: Մեսիանական տասնյակ մարգարեություններ նախանշում են Հիսուսի ծնունդը, մանկությունը, ծառայությունը, մատնությունը, խաչելությունը, և այլն:
Ուսումնասիրելով այնպիսի փաստեր, ինչպիսիք աստվածաշնչյան մարգարեություններն են, գալիս ենք այն եզրակացության, որ մենք կարող ենք կատարելապես վստահել Աստվածաշնչին: Ավելին, եթե կարողանանք վստահել այս սուրբ գրվածքներին, կարող ենք նաև վստահել Նրան, Ում ներշնչմամբ դրանք գրվել են:
Մեր ընկեր Ջոելը կարիք չուներ կրկնելու այն շրջանագիծ տրամաբանությունը: Արձանի մասին երազը և նույնատիպ մարգարեություններն ապացուցում են Աստվածաշնչի արժանահավատությունը և հիմք հանդիսանում քաջատեղյակ, խելամիտ հավատի համար:
------
1 Տե՛ս, օրինակ, «Նաբոնուգոդոսոր Երկրորդ» բաժինը wikipedia.org կայքէջում:
2 Տե՛ս «Դանիելի գիրքը» բաժինը wikipedia.org կայքէջում: