facebook script

ԱՇԽԱՐՀԻ՞ ՎԵՐՋ

Արեգակնային հզոր բռնկումների արդյունքում գոյացող նեյտրոններից ռմբակոծվելով՝ երկրի միջուկի ջերմաստիճանը կարող է կտրականապես բարձրանալ: Սա կարող է հանգեցնել համատարած ավերիչ երկրաշարժերի, նաև ԱՄՆ Վայոմինգ նահանգի տարածքում գտնվող Յելոուսթոունի հսկա հրաբուխի ժայթքմանը: Սրանք իրենց հերթին առաջ են բերում հզոր ցունամիներ, որոնք սրբում-անցնում են մայրցամաքների միջով: Համատարած ավերում և աշխարհի վերջը. սա էր վերջերս ներկայացնում հոլիվուդյան ֆիլմը:

Իրականությո՞ւն է սա արդյոք: Այդ ամենը կարո՞ղ է երբևէ տեղի ունենալ: Ինչպե՞ս և ե՞րբ է լինելու աշխարհի վերջը:

Շատերը կարծում էին, թե աշխարհի վերջը 2000 թվականին էր լինելու: 2012-ին, հիմնվելով մայաների բազմամյա օրացույցի վրա, մարդիկ սարսափահար էին եղել: Իսկ Աստվածաշունչն ի՞նչ է ասում աշխարհի վերջի մասին:

Աշխարհի վերջի և այս երկիր Իր վերադարձի մասին խոսելիս Հիսուսն Իր ունկնդիրներին համարձակորեն ասում էր. «Իսկ այն օրվա և ժամի համար ոչ ով չգիտի, ոչ էլ երկնքի հրեշտակները, բայց միայն իմ Հայրը» (Մատթեոս 24.36): Նա կարող էր ավելի պարզ խոսել այդ մասին: Աշխարհի վերջը կգա, և Նա կվերադառնա Իր որոշած ժամանակին. իսկ այդ ժամանակը միայն Իրեն է հայտնի: Սակայն մենք կարիք չունենք կռահել, թե որքան մոտ է այդ վերջը: Հիսուսը հայտարարեց հետևյալը. «Պատերազմներ և պատերազմների համբավներ կլսեք, զգույշ կացեք, որ չշփոթվեք. որովհետև ամենը պետք է լինի. բայց դեռ վերջը չէ։ Որովհետև ազգ ազգի վրա վեր կկենա, և թագավորություն՝ թագավորության վրա. Եվ սովեր կլինեն. և մահտարաժամներ՝ և տեղ-տեղ երկրաշարժություններ կլինեն։ Բայց այս ամենը ցավերի սկիզբն է» (Մատթեոս 24.6-8): Որքան մոտենում է Քրիստոսի վերադարձի ժամը, այնքան բնական և տեխնածին  աղետները հաճախանում են: Սակայն Նա չի գա այնքան ժամանակ, մինչև որ արքայության ավետարանը «բոլոր տիեզերքում կքարոզվի ամեն հեթանոսներին վկայություն լինելու համար, և այն ժամանակ կգա վերջը» (Մատթեոս 24.14): Հրդեհի տագնապի շաչող ազդանշանը, ամենօրյա լուրերը հիշեցնում են մեզ աշխարհի կործանման մասին: Քչերը չէ, որ խոսում են անխուսափելի վախճանի մասին: Բայց Իր մեծ ողորմությամբ Աստված հետաձգում է Իր վերադարձը, որովհետև չի ցանկանում կորցնել Իր զավակներից և ոչ մեկին: Նույնիսկ հիմա փրկության բարի լուրը տարածվում է այս մոլորակով մեկ՝ մարդկանց պատրաստելով Նրա գալուստին:

Ի՞նչ պետք է իմանալ աշխարհի
վերջի մասին

Սակայն հարցը մնում է: Եթե ես չգիտեմ Քրիստոսի գալստյան ճշգրիտ ժամանակը, ի՞նչ պետք է անեմ: Հիսուսն Իր լուրջ անհանգստությունն է արտահայտել գրեթե 2000 տարի առաջ: Վերջին հրաժեշտի պահին, հարությունից անմիջապես հետո, Նրա աշակերտները սարսափահար դիտում էին, թե ինչպես Նա, բարձրանալով ամպերով, անհետացավ տեսադաշտից: Նրանց մոտ կանգնած երկնային լրաբերները դժբախտ դիտորդներին փոխանցեցին թանկագին խոստումը. «Ո՛վ Գալիլեացի մարդիկ,-նրանք ասացին,-ի՞նչ եք կանգնել և մտիկ եք անում դեպի երկինքը. այս Հիսուսը, որ ձեզանից վերացավ երկինքը, այսպես կգա, ինչպես նրան տեսաք երկինքը գնալիս» (Գործք առաքելոց 1.11):

Նկատեք, որ այս խոստումը լիովին համապատասխանում է Հիսուսի՝ Իր վերադարձի մասին արված նախկին հայտարարությանը: Մեծ զորությամբ Նա փարատեց գաղտնիության բոլոր պատկերացումները: Նա նախազգուշացրեց Իր աշակերտներին. «Այն ժամանակ եթե մեկն ասի ձեզ՝ Ահա այստեղ է Քրիստոսը, կամ այնտեղ. չհավատաք։ Որովհետև սուտ քրիստոսներ և սուտ մարգարեներ վեր կկենան, և մեծ նշաններ և հրաշքներ կտան մինչև որ եթե կարելի լիներ, ընտրվածներին էլ կմոլորեցնեին։ ... Արդ եթե ասեն ձեզ. Ահա անապատումն է, դուրս չգնաք. Ահա ներսի սենյակումն է. չհավատաք։ Որովհետև ինչպես կայծակը դուրս է գալիս արևելքից և երևում մինչև արևմուտք. այնպես էլ կլինի մարդի Որդուն գալուստը» (Մատթեոս 24.23-27):

Ոչ գաղտնի գործողություն լինելով հանդերձ՝ Քրիստոսի երկրորդ գալուստը անխուսափելի իրադարձություն է: «Որովհետև ինքը Տերը հրամանով, հրեշտակապետի ձայնով և Աստծո փողով վայր կգա երկնքից» (Ա Թեսաղոնիկեցիս 4.16): «Ահա նա գալիս է ամպերով. և ամեն աչք կտեսնի նրան» (Հայտնություն 1.7): Բոլոր աչքերը կսևեռվեն այս աղմկալից գագաթնակետային պահին. Թվիթերի կամ ՍիԷնԷն-ի հրատապ լուրերի կարիքը չի լինի: Քրիստոսի գալուստի այս մանրամասները կարևոր են, քանի որ Բ Թեսաղոնիկեցիս 2.9-ը ցույց է տալիս, որ սատանան՝ լույսի շլացուցիչ կերպարանքով էակը, ինքը կփորձի մոլորեցնել աշխարհը կեղծված երկրորդ գալուստով: Այս թեմայի մասին ավելին կարելի է կարդալ Մեծ պայքար գրքում: Այն կարելի է գտնել adventist.am կայքէջում։

Պատրաստվելով աշխարհի վերջին

Ի՞նչ նշանակություն ունի այն քեզ համար: Բոլոր դեպքերում, ի՞նչ բարի բան կա այս փաստերում, եթե դու այդ իրադարձությանը պատրաստ չես: Հասկանալու համար, թե ինչ է նշանակում պատրաստ լինել, դու պետք է սկզբում հասկանաս, որ երկրորդ գալուստը, հնարավոր է, բարի լուր է: Աշխարհի վերջը չպետք է վախեցնի քեզ, եթե դու Քրիստոսի կողմում ես կանգնած: Հայտնություն 6.14–17-ը նկարագրում է, թե ինչպես են մարդիկ սարսափահար վազում այսուայնկողմ և կործանվում Քրիստոսի երկրորդ գալստյան ժամանակ, որովհետև ընտրել են իրենց մեղավոր վիճակի մասին դառը ճշմարտությունն ատելը: Նրանք կոչնչացվեն, որովհետև նրանց դուր են գալիս աստվածաշնչյան հիմք չունեցող հանգստացնող ստերը, ըստ որոնց նրանք կփրկվեն՝ իրենց մեղքերում մնալով հանդերձ: Աստված հայտարարում է. «Մի՞թե ես երբեք կուզեմ ամբարշտի մեռնելը, ասում է Տեր Եհովան: ... ես հաճություն չունեմ մեռնողի մեռնելուն»: Եվ ավելացնում է. «...ուրեմն հետ դարձեք, որ ապրեք» (Եզեկիել 18.23, 32): Երբ աշխարհի վերջը գա, և ամբարիշտները ոչնչացվեն, Աստված նրանց պարզապես կտա այն, ինչ իրենք են ուզում: Առակաց 8.36-ում Աստված ասում է. «Ինձ դեմ մեղանչողը կվնասի իր հոգիին, բոլոր ինձ ատողները մահն են սիրում»։

Աշխարհի վերջին և Քրիստոսի վերադարձին պատրաստ լինելու համար մենք պետք է նախ հասկանանք մեր իրական վիճակը: Աստվածաշունչը սովորեցնում է, որ բոլոր մեղքերի արմատը եսասիրությունն է: Շատ մարդիկ կարծում են, թե իրենք լավն են, սակայն անկեղծ հայացք գցելով Աստծո խոսքին, հայտնաբերում ենք հակառակը: Նույնիսկ մեր բարի գործերը կարող են կատարվել եսասիրական շարժառիթներով: Մեզ Քրիստոսի ներումն է անհրաժեշտ: Այն կարելի է ձեռք բերել միայն աղոթքի միջոցով Հիսուսին խնդրելով: Դրանից հետո մեզ անհրաժեշտ է նոր՝ անձնվեր սիրով լեցուն սիրտ: Նոր սիրտն ու հոգին տրվում են Աստծուն Իր խոսքում փնտրելով (Ա Պետրոս 1.23):

Քրիստոսը փափագում է, որ բոլորն Իր հետ լինեն Իր արքայությունում այն ժամանակ, երբ Ինքը վերադառնա (Բ Պետրոս 3.9): Իրականում Աստվածաշունչը սովորեցնում է, որ երբ Նա վերադառնա, մեր՝ Քրիստոսում ննջած ընկերներն ու սիրելի մարդիկ հարություն կառնեն դեպի հավիտենական կյանք: «Որովհետև ինքը Տերը ...վայր կգա երկնքից. և Քրիստոսով մեռելներն առաջ հարություն կառնեն: Եվ հետո մենք, որ կենդանի ենք մնացած, նրանց հետ մեկտեղ ամպերով օդի մեջ կհափշտակվենք Տիրոջը դիմավորելու, և այնպես ամեն ժամանակ Տիրոջ հետ կլինենք։ Ուրեմն իրար մխիթարեցեք այս խոսքերով» (Ա Թեսաղոնիկեցիս 4.15–17):

Երբ դու լսես հաջորդ աղետալից, աշխարհի վերջն ազդարարող զգուշացումը, ինչ թվական էլ որ հետևի 2000-ին և 2012-ին, մի՛ հավատա դրան: Հսկայածավալ արեգակնային բռնկումները, ուժգին ցունամիները, գերհրաբուխները, տարբեր տեսակի աղետներն, իհարկե, հնարավոր է տեղի ունենան, սակայն աշխարհն իր վերջին կհասնի Հիսուսի գալուստով: Նա կվերացնի մեղքն ու ցավը և Իր ժողովրդին կտանի, որ նա Իր հետ լինի: Մենք Նրանում ապահով կլինենք՝ Նրան կատարելապես հանձնվելով: Այդ դեպքում կարիք չի լինի անհանգստանալու, թե ինչ կլինի մեզ հետ աշխարհի վերջում: